ՀՀ կառավարությունը մշակել է վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, ըստ որի՝ պատժամիջոցներ կսահմանվեն քաղաքներում խոշոր եղջերավոր անասուններ պահելու կաոնները խախտելու համար: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ է արվում միջպետական եւ միջհամայնքային ճանապարհներին անասունների առկայությունը կանխելու համար, ինչը բազմաթիվ վթարների պատճառ է դառնում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ իսկապես էլ նման օրինագիծ շրջանառվում է: Բացի այդ՝ որոշ վայրերում, որտեղ հատկապես անասունները հաճախակի են հատում ճանապարհները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կամ կընդլայնվեն ճանապարհները: Նախարարը նույնիսկ խոստացավ տեսանկարահանող սարքերի տեղադրում: