Ռոբերտ Քոչարյանը, շինարարության հետ կապված հարցերի շուրջ, վիճաբանել է Լեւոն Մուշեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ Լեւոն Մուշեղյանն էլ հարվածներ է հասցրել նրան: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 26-ամյա Ռոբերտ Քոչարյանը 2012թ. հունիսի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի 13/6 հասցեում գտնվող հողակտորի մոտ, շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Լեւոն Մուշեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Արդյունքում վերջինս ստացել է զույգ ստորին կոպերի, քթի, մեջքի, կրծքավանդակի առաջային մակերեսի արյունազեղումների, քթի ոսկրերի տեղաշարժված, աջ ճաճանչոսկրի տիպիկ տեղի չտեղաշարժված կոտրվածքներ՝ փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով, պատճառելով առողջությունը տեւական քայքայող, միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը, որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
53-ամյա Լեւոն Մուշեղյանն իր հերթին, բռունցքով հարվածներ է հասցրել Քոչարյանի դեմքին՝ պատճառելով քթի ոսկրերի կոտրվածք, ձախ ստորակնակապճային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ առողջությունը կարճատեւ քայքայող, թեթեւ ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Լեւոն Մուշեղյանի դեմ էլ քրեական գործ է հարուցվել 117 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100 պատիկի չափով:
2-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























