Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երեւանից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. «Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի: Դիակը ջուրը բերել ա Երեւանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքի` Երեւանով անցնող հատվածից է ջուրը նետվել»:
Ջրաշենի գյուղապետը նաեւ պատմել, թե ով եւ ինչպես է հայտնաբերել դիակը: Ոստիկանությունից երեկ մեր թղթակցին հայտնեցին, որ դիակի ինքնությունը դեռեւս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երեւանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























