Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսանողներին։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։
«Սիրելի ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ եւ միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարեւորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ եւ մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մենք թեւակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:
Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաեւ ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին եւ ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»:
Ավելացնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011թ Հայաստանում եղել է 95 հազար ուսանող, որից 50.5 հազարը` աղջիկ: Ընդ որում` նրանցից 62, 6 հազարը սովորում են ցերեկայինում, մնացածը՝ հեռակա:
Նշենք, որ ամեն ինչ սկսվեց տխուր մի իրադարձությունից, երբ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստների օկուպացրած Չեխոսլովակիայում ձերբակալվեցին եւ համակենտրոնացման ճամբարներ ուղարկվեցին ավելի քան 1200 ուսանողներ, շատերին էլ գնդակահարեցին: Երկու տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ին կայացավ ուսանողների միջազգային հանդիպում` ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության, որն էլ հիմք դրեց ուսանողների միջազգային օրվան:





























