Թուրքիան կշարունակի իր հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի հետ՝ շրջանցելով Բաղդադը: Նման եզրակացության է եկել Արեւելյան հետազոտությունների լեհական կենտրոնի փորձագետ Շիմոն Անանիչն իր «Թուրք-իսրայելական քաղաքական ճգնաժամի շարունակությունը» հոդվածում:
Նոյեմբերի 7-ին, Իրաքի կառավարությունը, առանց պատճառները նշելու, հրաժարվել է թուրքական նավթային պետական կոցեռնին (TPAO) թույլ տալ նավթ որոնել Բարսայի շրջանում:
Կոնսորցիումը, որում ընդգրկվել է TPAO-ն, այս տարվա մայիսին նավթի արդյունահանման 20-ամյա լիցենզիա է ստացել, բայց TPAO-ն ստիպված է եղել վաճառել իր 30 տոկոսանոց բաժնեմասը: Դրանից առաջ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել էր Թուրքիայի հետ տնտեսական փոխհարաբերություններն ամրապնդելու մասին, պայմանով, որ Անկարան չխառնվի իր ներքին գործերին եւ չխախտի Իրաքի օդային տարածքը:
Այդ նույն ժամանակ Թուրքիան հարձակողական թռիչքներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության պատրիզանական դիրքերի ուղղությամբ:
Ի՞նչ սպասել հետագայում: Փորձագետի կարծիքով, Բաղդադի որոշումը չի վերացնի Իրաքում թուրքական պետական կոնցեռնի ներկայությունը, որտեղ այն մասնակցում է նավթի արդյունահանման եւս 4 նախագծերում: Այդուհանդերձ, Իրաքի իշխանությունների վարքը ցույց է տալիս, որ տնտեսական կապերն Անկարայի հետ ավելի կարեւոր չէ, քան սեփական քաղաքական պահանջները: Դա Իրաքում թուրքական ներդրումների համար ռիսկեր է ստեղծում, այնինչ Իրաքը թուրքական ապրանքների արտահանման երկրորդ օգտագործողն է (ավելի քան 8 մլրդ դոլար 2011 թվականին, պրանքաշրջանառության 80 տոկոսը բաժին է ընկնում Քուրդիստանի ինքնավարությանը): Իրաքը նաեւ թուրքական ներդրումների կարեւոր ուղղություններից է:
Իրաքի կառավարության այս քայլը Անկարա-Բաղդադ ճգնաժամի հերթական օղակն է: Սուննի Թուրքիան մեղադրում է ալ-Մալիքիի շիա կառավարությանն ավտորիտարիզմի եւ սուննիներին ճնշելու ճանապարհով ներքաղաքական հեգեմոնիա հաստատելու փորձերի մեջ: Բացի այդ Թուրքիան Իրաքին մեղադրում է Սիրաիյի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության մեջ: Բաղդադն, իր հերթին, չի ողջունում Թուրքիայի քաղաքականությունը, որն աջակցում է Իրաքի ընդդիմությանը եւ շփումներ ունի Իրաքյան Քուրդիստանի հետ՝ շրջանցելով Բաղդադը:
Ճգնաժամը սրվել է 2001 թվականին, երբ Թուրքիան ապաստան տվեց Իրաքի սուննի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին, ով հեռակա դատապարտվել էր մահապատժի: Երկու երկրների հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ այս տարվա մայիսին Թուրքիան նավթի որոնման եւ մատակարարումների պայմանագիր կնքեց Քուրդիստանի մայրքաղաքի հետ՝ շրջանցելով Բաղդադը:



























