«Դիվանագիտության մեջ կան պահեր, երբ բոլորը գիտեն, որ դա չի իրականանալու, բայց ասում են այդ մասին` բավարարելու համար ինչ-որ մեկին»,- հունվարի 26-ին «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ նույն կերպ ԼՂ բանակցային գործընթացում նշվում է ազգերի ինքնորոշման մասին, բայց այն գործնական իրականացնելու առումով ամեն ինչ շատ մշուշոտ է: «Ազգերի ինքնորոշման դրույթի ներառումը որեւէ փաստաթղթում շատ լավ է, բայց այն տեսական նշանակություն ունի: Ի՞նչ գործնական օգուտ է ունենալու Հայաստանը այդ դրույթի ամրագրումից: Ըստ մադրիդյան փաստաթղթի՝ Ղարաբաղում հանրաքվե է լինելու 10 եւ ավելի տարիներ անց, իսկ մենք օր օրի հայաթափում ենք Ղարաբաղը: Բավական է, որ ադրբեջանցիները վերադառնան ԼՂ, եւ 10-15 տարի հետո կարող է ժողովրդագրական պատկերը փոխվել: Այսինքն ազգերի ինքնորոշման դրույթի գործնական օգուտը շատ վիճելի է»,- ասաց նա:

Ռ. Հակոբյանը կարծիք հայտնեց նաեւ, որ 2010 թվականի ընթացքում ԼՂ հարցում ստատուս քվոյի փոփոխություն կլինի: Նրա խոսքով, Ռուսաստանը պարտավոր է Ադրբեջանի օգտին ինչ-որ քայլ անել, քանի որ «Նաբուկո» նախագծի իրականացման հարցում Ադրբեջանը ռուսական շահերին նպաստող որոշակի քայլեր է արել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարվա ընթացքում շրջանակային համաձայնագիր ստորագրվի կողմերի միջեւ, քաղաքագետը պատասխանեց. «Սկզբունքների շուրջ որոշակի փաստաթուղթ գուցե ստորագրվի, բայց դժվար է ասել, թե որքանով դա կարելի է շրջանակային մեծ համաձայնագիր անվանել»: