Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգանում է ավելի արագ, քան տնտեսության մյուս ճյուղերը: ՏՏ աճի տեմպը վերջին տարիներին գտնվում է տարեկան 25%-ի շրջանակներում, այն դեպքում, երբ արդյունաբերության աճը 2011 թ. 14 % էր, իսկ ներկայում գտնվում է 10-12%-ի շրջանակներում:
ՏՏ ոլորտի դրական տեղաշարժերը նկատելի են նաեւ հանրության լայն խավերին, առաջին հերթին՝ ինտերնետի արագության աճի, գնի նվազման ու ծառայության որակի բարձրացման շնորհիվ:
Սակայն այնպես է ստացվել, որ Հայաստանի ՏՏ ոլորտին շնորհված միջազգային վարկանիշերի առումով լուրջ դրական տեղաշարժեր չկան, ինչպես ասենք դա տեղի ոնեցավ doing business-ի վերջին զեկույցում, որտեղ Հայաստանը միանգամից 18 կետով առաջընթաց գրանցեց:
Այս առումով Հայաստանի Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում բանավեճ ծագեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի միջեւ: Հ. Բագրատյանը հայտարարեց, որ IT վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը, եւ որ այդ վարկանիշն ավելի կարեւոր է, քան dooing buziness-ը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ պատասխանեց, որ աշխարհում հարյուրավոր վարկանիշեր կան, որոնցում կարելի է ցանկացած տեղ գտնել մեր երկրի համար:
Այս բանավեճը դրդեց՝ մի փոքր որոնողական աշխատանք կատարել՝ պարզելու Հայաստանի տեղը միջազգային հայտնի ՏՏ վարկանիշերում:
Սակայն պարզվեց, որ «IT վարկանիշ» անվանումով հայտնի վարկանիշեր չկան: Ավելին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը NEWS.am-ին ասաց, որ գործնականում ՏՏ ոլորտը ամբողջապես բնութագրող ու գնահատող վարկանիշեր գոյություն չունեն: Դրանց փոխարեն կան վարկանիշեր, որոնք ընդամենը բնութագրում են, թե ինչպես է ՏՏ արտադրանքը օգտագործվում կառավարության եւ հանրության կողմից: Սակայն բուն արտադրությունը դրանք չեն գնահատում:
Մեր կողմից նշենք, որ Հայաստանը ոչ բոլոր վարկանիշերում է գնահատական ստացել: Իսկ այն կազմակերպությունները, որոնք Հայաստանին վարկանիշեր են շնորհում, առավելապես մեր երկրի մասին օգտագործում են հնացած (չթարմացած) տեղեկատվություն: Մասամբ այդ պատճառով Հայաստանի ՏՏ վարկանիշերը որեւէ տեղ բարձր չեն: Միջազգային բազաներում Հայաստանի վերաբերյալ տվյալների թարմացումը բավական ակտուալ խնդիր է, եւ գտնվում է կառավարության ուշադրության ներքո:
Օրինակ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի Ցանցային պատրաստվածության ինդեքսը գնահատում է, թե ինչ հաջողությամբ են կառավարությունները օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաները: Ինդեքսը հիմնվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գլոբալ հաշվետվության վրա (Global Information Technology Report)։ Հայաստանը 2012 թ. զեկույցի հիման վրա զբաղեցնում է 94-րդ տեղը՝ զիջելով հարեւան Վրաստանին ու Ադրբեջանին: Սակայն 2011 թ. համեմատ գրանցել ենք առաջընթաց մոտ 15 կետով: Ի դեպ՝ կարծիքներ կան, որ եթե Հայաստանի վերաբերյալ թարմ տվյալներ օգտագործված լինեին, ապա Հայաստանն առնվազն պետք է գտնվեր 60-70 տեղերում։ Ի վերջո՝ մեր կառավարությունը բավական հեռու է գնացել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման առումով, ու բոլոր երկրներում չէ, որ 4G ցանց է ներդրված:
Սակայն Հայաստանը գերազանցում է իր հարեւաններին Տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացածության ինդեքսով, որը հրապարակում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (International Telecommunication Union): Անցյալ տարի այս ինդեքսում 152 երկրների շարքում զբաղեցրել ենք 72-րդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից եւ Վրաստանից: ՏՀՏ զարգացածության ինդեքսը ներառում է 11 ենթացուցիչ, որոնցից կարելի է առանձնացնել ՏՀՏ հասանելիությունը, ՏՀՏ կիրառությունը, ինչպես նաեւ ՏՀՏ ոլորտի նորարարությունները։
Կան մի շարք քիչ թե շատ հայտնի վարկանիշեր, որոնցում Հայաստանը դեռ չի գնահատվում: Այսպես՝ բրիտանական Economist ամսագրի հետազոտական կենտրոնը 2007 թվականից հրապարակում է ՏՏ ոլորտի մրցունակության վարկանիշ (IT Industry Competitiveness Index): Վարկանիշը թարմացվում է երկու տարին մեկ անգամ: Վարկանիշի նպատակն է՝ պարզել, թե տարբեր երկրներում ինչ պայմաններ են ստեղծված ՏՏ ոլորտի աջակցման համար: Հաշվի են առնված ընդամենը 66 երկիր, այդ թվում՝ Իրանը (վերջին տեղում է), Ադրբեջանը (64-րդ տեղում է), Թուրքիան (41-րդ տեղ), Ռուսաստանը (46-րդ տեղ); Վրաստանը եւս չի ներառված վարկանիշում։
Գոյություն ունի նաեւ ցանցային պատրաստվածության վարկանիշ (Veb index), սակայն այն արտահայտում է միայն ինտերնետ-ռեսուրսի օգտագործման մակարդակը։ Այս վարկանիշը ներառում է 61 երկիր, ու կրկին առանց Հայաստանի:
Նշենք, որ որեւէ այլ, ավելի «հեղինակավոր» վարկանիշեր, որոնք առնչվում են ՏՏ ոլորտի հետ, գոյություն չունեն: Ու ընդհանրապես՝ ՏՏ ոլորտը բնութագրող վարկանիշերի կազմման մեթոդոլոգիաները վերանայման անհրաժեշտություն ունեն:
Սամվել Ավագյան




























