«Աստղագիտություն» եւ «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին նոյեմբերի 21-ին ընդունել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար` նախարարը նշել է. «Մոտ երեք ամիս առաջ Հայաստանի նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց եւ հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում եւս հայ աշակերտները կշարունակեն նվաճել մեդալներ եւ հաջողությամբ հանդես գալով` բարձր կպահեն Հայաստանի պատիվը: Անցավ երեք ամիս, եւ վերջին երկու` «Աստղագիտություն» եւ «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաներում եւս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` թվով 6 մեդալ, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ եւ 4 բրոնզ: «Հաջողության պատմություններ» արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են եւ կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ համաձայն վիճակագրության` այս տարվա ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի հետ, բաժանում է 5-7-րդ տեղերը:
ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը: Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ եւ 15-րդ տեղերը:
«2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքում` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները: Եվս մեկ ուրախալի փաստ` այս տարի ընդլայնվել է նաեւ դպրոցների աշխարհագրությունը` այդ թվում նաեւ մարզային. փայլուն են հանդես եկել Գորիս եւ Վանաձոր քաղաքի դպրոցները` ցույց տալով, որ Հայաստանում կրթության որակի վրա կատարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն օլիմպիական շարժման ավանդական դպրոցներում, այլ նաեւ մարզային կրթօջախներում: Հուսով եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ ներկայացվածություն կունենանք մարզերի աշակերտության կողմից»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը` հավաստիացնելով, որ այսուհետ եւս նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման եւ հավաքագրման աշխատանքները, որպեսզի, ըստ նախարարի, ապագայում եւս հայ օլիմպիականները լավագույնս ներկայացված լինեն միջազգային օլիմպիադաներում եւ իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը:
Արմեն Աշոտյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով օլիմպիականների ուսուցիչներին, մարզիչներին, դպրոցի տնօրեններին, ինչպես նաեւ ծնողներին` աշակերտների կրթության գործում իրենց ավանդն ունենալու, ինչպես նաեւ նրանց կայացման եւ առաջխաղացման համար, աշակերտներին հանձնել է պարգեւներ` ՀՀ կառավարության անունից: Օլիմպիականներն ու ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին` անմիջական աջակցության, ինչպես նաեւ թիմերին Ծաղկաձորում «մարզվելու» եւ ուսումնական հավաքների հնարավորություն ընձեռելու համար:
2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» եւ «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ եւ 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:
Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 եւ 2011-ին` 6 մեդալ:




























