Հայաստանի ՊՆ թիվ N զորամասում անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետը եւ պահպանման բաժնի պետը փորձել են զգալի չափերի  ձեթ եւ խոզի միս հափշտակել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը դատարան է ստացվել նոյեմբերի 21-ին:

Գործի նյութերի համաձայն, 27-ամյա Կ. Գ.-ն եւ 28-ամյա Մ. Գ.-ն ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասում որպես համապատասխանաբար անձեռնմխելի պաշարների պահեստարանի պետ եւ պահպանման բաժնի պետ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք իրենց վստահված պետական գույքից յուրացման եղանակով Երեւան քաղաքի բնակիչ  39-ամյա Հ. Մ-ի օժանդակությամբ, վերջինիս ավտոմեքենայով փորձել են հափշտակել զգալի չափերի` ընդհանուր 142870 դրամ արժեքով ձեթ ու խոզի միս, սակայն հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն կարողացել հասցնել:

Երեքի դեմ էլ քրեական գործ է հարուցվել 179  հոդվածի 1-ին մասով`յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: