Ազգային ժողովում ընդդիմադիր ՀԱԿ, Դաշնակցություն, «Ժառանգություն» եւ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նոյեմբերի 21-ին համատեղ հրավիրված արտահերթ նիստին քվեարկել էին ընդամենը 44 պատգամավոր: Եվ քվորում չապահովելու պատճառով, ինչպես հայտնի է, նիստը չկայացավ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այս 4 խմբակցությունները միասին ունեին 53 պատգամավոր: Նիստից բացակայում էին նրանց 9 պատգամավորները:

Բացակայողներից մեկը ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանն է, ով աշնանային նստաշրջանին ընդհանրապես չի մասնակցել, քանի որ հիվանդ է եւ մի քանի անգամ ենթարկվել է վիրահատության:

Բացակայող մյուս 8 պատգամավորները ԲՀԿ խմբակցության անդամներ են, որոնց շարքը գլխավորում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինս նույնպես աշնանային եւ ոչ մի նիստի չի մասնակցել: Կուսակցությունից միշտ մեկնաբանել են, որ նա գերզբաղված է կամ Հայաստանում չէ: ԲՀԿ-ի բացակայող մյուս պատգամավորներն են` Արայիկ Աղաբաբյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը, Գրիգորի Մարգարյանը եւ Գել մականունով Գրիգոր Գրիգորյանը, ով ներքին զորքերի նախկին հրամանատարն է եղել եւ հայտնի է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իրենց պատգամավորները ներկա չեն եղել զբաղվածության պատճառով: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, ԲՀԿ-ի բացակայող պատգամավորներից մի մասին ՀՀԿ-ն է հրահանգել չմասնակցել այդ նիստին, օրինակ` Գ. Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ): Կարծիք կա, որ այս պատգամավորը ԲՀԿ-ում ՀՀԿ-ի ազդեցության տակ գտնվող պատգամավորներից մեկն է:

Ի դեպ, այդ արտահերթ նիստին խորհրդարանի երկու անկախ պատգամավորներից մասնակցում էր մեկը՝ Էդմոն Մարուքյանը: Արայիկ Գրիգորյանը չէր մասնակցում: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին թիվ 18 ընտրատարածքում նրան նույնպես մեծամասնական ընտրակարգով պաշտպանում էր ՀՀԿ-ն»,- գրում է «Ժամանակը»։