Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի եւ օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման եւ դրանց հիմքով ձեւակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակիչներին այստեղ կսպասարկեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավախորհրդատուներ եւ մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել բարելավելու քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների մակարդակն ու սպասարկման որակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել պայմաններին:

«Մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող այս նոր գրասենյակի բացումը, վստահ եմ, մեծապես կնպաստի մեր քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել հեշտ եւ մատչելի դարձնելուն: Այստեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պատշաճ մակարդակի եւ որակի ծառայություններ մատուցվեն: Բնակիչների հետ մշտական կապը պահպանելու եւ բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով մենք սահմանել ենք նաեւ ընդունելության կարգ, համաձայն որի աշխատակազմի յուրաքանչյուր վարչություն ունի ընդունելության հատուկ օր: Բացի այդ, սահմանված կարգի համաձայն բոլոր 12 վարչական շրջաններում հինգշաբթի օրերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Նորաբաց գրասենյակի միջոցով կիրականացվեն ցանկացած բնույթի քաղաքաշինական եւ հողօգտագործման փաստաթղթերի, այդ թվում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, շինարարության եւ քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության փաստագրման ակտերի, գլխավոր հատակագծերի, նշահարման ակտերի, տեղագրական հանույթների եւ այլ փաստաթղթերի տրամադրում:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է քաղաքապետարանի երկու մասնաշենքերում եւ վարչական շրջաններում առավել մատչելի ու տեսանելի վայրում փակցնել քաղաքապետարանի վարչության պետերի եւ վարչական շրջանների ղեկավարների ընդունելության օրերի ժամանակացույցն ու քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող  թեժ գծերի հեռախոսահամարները:

Գրասենյակի աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ վարչական երկրորդ մասնաշենքի վերջերս վերանորոգված հարկաբաժիններով եւ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին: