«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի փոխնախագահի պաշտոնում Ալեքսանդր Արզումանյանին փոխելու համար։ «Ժառանգությունը» դիմել է նաեւ ազատ դեմոկրատ Խաչիկ Քոքոբելյանին տնտեսական եւ պաշտանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովներում մեկ ուրիշով փոխարինելու համար։ Այս մասին «Ժամանակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԺ լրատվական եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրում է «Ժամանակ» թերթը։

Ասել է թե՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչիկ Քոքոբելյանը, չնայած շարունակում են մնալ «Ժառանգություն» խմբակցության անդամներ, ԱԺ որեւէ կառույցում ներգրավված չեն լինելու՝ ըստ «Ժառանգության»։

Ալեքսանդր Արզումանյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Սակայն եթե «Ժառանգությունը» համաձայնության գա որեւէ խմբբակցության հետ, կկարողանա հասնել Ալիկ Արզումանյանի հրաժարականին։  Զարուհի Փոստանջյանն արդեն իսկ հայտարարել է , որ ՀՀԿ հետ իրենք հնարավոր է համաձայնության գան գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը փոխարինելու շուրջ»,- գրում է «Ժամանակը»։