Մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ եւ վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է, ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի մշակույթի նախարարը, իր խորը հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարեւորել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան երկու ժողովուրդներին եւ հասարակություններին,  հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Նա առաջարկել է Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, եւ որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդի մշակույթը:

Դեսպան Մանուկյանը եւ նախարար Օդիշարիան քննարկել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարեւորելով վերջիններիս արագ եւ արդյունավետ լուծումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը եւ համատեղ միջոցառումների կազմակերպմանը: