Լոռիի մարզկենտրոն Վանաձորում շարունակում են գողանալ դիտահորերի կափարիչները: Այս մասին Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտարարել էր նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը`նիստին ներկա ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակցին խնդրելով  ուշադրություն դարձնել այդ հարցին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնից հաստատել են կափարիչների գողության դեպքերը, նշելով, որ ընդհանուր առմամբ  համայնքի բյուջեից 2012թ.-ի անձրեւաջրատար դիտահորերի եւ կոյուղագծերի կապիտալ նորոգման համար հատկացվել է շուրջ 7 մլն դրամ, որով իրականացվել են 35 դիտահորերի կապիտալ նորոգման եւ 34 կափարիչների տեղադրման աշխատանքներ: Այժմ գումարներն ամբողջությամբ սպառված են: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հարցին, թե այսինքն՝ բաց դիտահորերը այս տարի այդպես էլ բաց կմնան, քանի որ գումարներ չկան, բաժնից դրական պատասխան են տվել. «Դե, գումարները սպառված են, փաստացի այդպես է։ Բաժինը տեղյակ է, քաղաքացիների ահազանգերի հիման վրա մենք գնացել ենք, հաշվել ու մեր մոտ նշել ենք, թե որ փողոցում կան բաց դիտահորեր, մնում է գումար լինի ու աշխատանքները շարունակենք»:

Մինչդեռ ըստ վանաձորցի վարորդների՝ խնդիրը չի կարելի այսպես թողնել, մանավանդ, որ ձմռանը խնդիրը ավելի կսրվի, իսկ բաց դիտահորերի պատճառով կավելանան նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչու ոչ նաեւ՝ հետիոտները երեկոյան ժամերին կհայտնվեն դիտահորերում: Մանավանդ, որ նման դեպքեր Վանաձորում ժամանակին գրանցվել են: