«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության եւ վերականգնել հարաբերությունները, հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին մեկնել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող «Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողովին», որին հրավիրված է որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է «բռնազավթումը»:

«Նման տերմինաբանության համաձայն, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արցախյան հակամարտության պատճառը եղել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:

«Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության եւ վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել եւ հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը եւ մշակութային ժառանգությունը», - ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը անդրադարձել է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցին: «Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները եւ 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից եւ Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողերը, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ասել է Հովհաննիսյանը:

Եզրափակելով Բաքվում լրագրողների հետ հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին ընդունելության համար եւ հույս հայտնել, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի եւ հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ:

Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Բաքվում արված հայտարարություններին՝ Ադրբեջանի կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովն ասել է, թե «Հայաստանի նախկին արտգործնախարարի կողմից արված հայտարարություններն անհիմն են»:

«Անկախ այն բանից, թե ինչ է ասել նախկին արտգործնախարարը, ՄԱԿ-ը, եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները եւ միջազգային հանրությունն ընդհանրապես, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու դրա համանախագահները բազմիցս շեշտել են Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի շուրջ առկա փաստերը եւ բացեիբաց հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին», - ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովը: