Կոտայքի մարզում 21-ամյա Տ.Գ.-ն իր քրոջ ամուսնու եւ ընկերների հետ ամուսնության նպատակով եւ բռնություն գործադրելով առեւանգել է 22-ամյա Ս.Մ.-ին: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 21-ամյա Տ.Գ.-ն նախնական համաձայնության գալով իր քրոջ ամուսին ` Ա.Բ-ի , ընկերներ` Ա.Ղ-ի եւ Ս.Ղ-ի հետ, ամուսնության նպատակով բռնություն գործադրելով, այն է ` կամքին հակառակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 31 շենքի դիմացից բացահայտ առեւանգել է 22-ամյա Ս.Մ-ին: Աղջկան Ս.Ղ-ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Տ. Գ-ի ` Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող մոր հայրական տուն:

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մարդ առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատական քննության օրը կնշանակվի առաջիկայում: