Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա  Հ. Ե.-ն մարտկոցի հրամանատարի մոտ ուղեկցելու համար զինվորական գոտիով , ոտքերով եւ ձեռքերով ծեծի է ենթարկել իր վերադաս, կրտսեր սերժանտ Ռ. Պ-ին: Վերջինս եւս հակադարձել է: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, կրտսեր սերժանտ Ռ. Պ.-ն դիտողություն է արել ժամկետային զինծառայող, 19-ամյա  Հ. Ե-ին, որից հետո նրանց միջեւ վիճաբանություն է ծագել եւ 19-ամյա զինվորը ծեծի է ենթարկել կրտսեր սերժանտին:

Զինվորը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով, հրել, քաշքշել, ինչպես նաեւ մեկ անգամ հարվածել է կրտսեր սերժանտի մարմնին,ապա մեկ անգամ զինվորական գոտիով հարվածել դեմքի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ձախից ճակատային շրջանի սալջարդ վերքի ձեւով թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով: 

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեան օրենսգրքի 358  հոդվածի 1-ին մասով`զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Բացի այդ, 20-ամյա Ռ. Պ-ն իր հերթին մեղադրվում է այն բանի համար, որ իր նկատմամբ ստորադյալ հանդիսացող, համածառայող Հ. Ե-ի կողմից դասընթացներին մասնակցելու փոխարեն զորանոցի աթոռակների վրա պառկելու կապակցությամբ վերջինիս մարտկոցի հրամանատարին ներկայացնելու ժամանակ վիճաբանել է նրա հետ:  Ընթացքում բռնություն գործադրելով, քաշքշել, ապա ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ձախ աչքի դրսային անկյան շրջանի քերծվածքի, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս: Քրեկան գործ է հարուցել 375 հոդվածի 1-ին մասով`պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը: Եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Սույն հոդվածը պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց ընտրվել է հրամանատաության հասկողությանը հանձնելը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի` 22-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: