Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի 18-ամյա ժամկետային զինծառայող Կ.Ո.-ն բուժկետի մասնաշենքի ետնամասում գտնվող զուգարանի մոտ, կոպիտ կերպով կատակելու համար վիճաբանել է Ս. Լ-ի հետ եւ ձեռքի բռունցքով հարվածել է շարքային Ս. Լ-ի ձախ աչքի շրջանին: Վերջինս էլ գետնից վերցրած քարով հարվածել է շարքային Կ. Ո.-ի գլխին:
NEWS.am-ը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 18-ամյա Կ. Ո.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ դիվիզիոնի 3-րդ մարտկոցի վարորդ, կոչումով շարքային նույն զորամասի բուժկետի մասնաշենքի ետնամասում գտնվող զուգարանի մոտ, կոպիտ կերպով կատակելու համար վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ս. Լ-ի հետ: Վիճաբանության ընթացքում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 եւ 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, մեկ անգամ աջ բռունցքով հարվածել է շարքային Ս. Լ-ի ձախ աչքիին: Իսկ 18-ամյա Ս. Լ-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության ընթացքում գետնից վերցրած քարով հարվածել է շարքային Կ. Ո.-ի գլխին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով:
Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը տարի ժամկետով: Խափանման միջոց ընտվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է հանձնվել նոյեմբերի 22-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























