Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՎ մամուլի ծառայությունը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին մամուլի հրապարակումներին ու Օմբուդսմանի հայտարարությանը, տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Հունվարի 21-ին եւ 22-ին „Դատապարտյալների հիվանդանոց“ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ս.Միքայելյանը գանգատվել է սրտի եւ ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական ստուգմամբ դատապարտյալի մոտ գրանցվել է արյան ճնշման անկում: Ցուցաբերվել է բժշկական համապատասխան օգնություն, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը կայունացել է: Ներկայումս դատապարտյալը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ առողջական վիճակը համապատասխանում է 2009թ. դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր Արդարադատության նախարարին, խնդրելով Սասուն Միքայելյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ պատշաճ ուշադրություն դարձնել նրա առողջական վիճակին: