Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաեւ աղի եւ ավազի կուտակման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանրակրթության վարչության պետն էլ  զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում ամբողջությամբ իրականացվել են ջերմամեկուսացման անհրաժեշտ միջոցառումներն ու կրթօջախներն արդեն անցել են ձմեռային ռեժիմի եւ ապահովված են ջեռուցմամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Հայրենական պատերազմի մասնակից վետերանների, Արցախյան ազատամարտի եւ Աֆղանական պատերազմի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների ու Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին բնակարանների համար գույքահարկի արտոնություններ սահմանելու մասով որոշման նախագիծը Երեւանի ավագանու հաստատմանը ներկայացնելուց առաջ, եւս մեկ անգամ ճշգրտել առկա ցուցակները,  որպեսզի որեւէ ընտանիք դուրս չմնա գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից. «Արցախյան ազատամարտից հետո էլ շատերը զոհվել են դիրքերում, ականների պայթյունից եւ նրանց ընտանիքները նույնպես պետք է ընդգրկված լինեն արտոնությունների ցանկում: Եղեք ուշադիր, որպեսզի որեւէ ընտանիք դուրս չմնա: Մենք բարոյական պարտք ունենք այդ մարդկանց եւ ընտանիքների առջեւ>>,- ընդգծել է քաղաքապետը:

Վերելակային տնտեսության ոլորտում 2012թ-ին կատարած աշխատանքները, ինչպես նաեւ վերելակների նորոգման ու սպասարկման համար հատկացվող գումարների նպատակային օգտագործումը ստուգելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ հայտնաբերված թերացումների մասով կապալառու կազմակերպություններին պարտադրվել է կարճ ժամկետում վերացնել թերացումները: Քաղաքապետը հանձնարարել է թերացումներ թույլ տված ընկերությունների նկատմամբ, որոնք տեխնիկական եզրակացություններ են տվել ըստ էության թերի գործող վերելակների մասով, նախաձեռնել գործընթաց տվյալ կազմակերպություններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ընդգրկելու ուղղությամբ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկին եւ չորացած ու վնասված ծառերի սանիտարական էտի ու ձեւավորման աշխատանքներին զուգահեռ իրականցվում է նաեւ շուրջ 300 հազար գունավոր կակաչների սոխուկների ցանքսը:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցը խախտելու եւ երեկոյան ժամերին շարժակազմերի սահմանված քանակ չապահովելու հիմքով նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան պատասխանատվության են ենթարկվել երթուղիները սպասարկող 4 ընկերություն, եւս 6 ընկերություններ էլ տուգանվել են շարժակազմերում առկա սանիտարական ոչ պատշաճ վիճակի  համար: 

Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական  շրջաններում եւ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:  Զեկուցվել է նաեւ, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:

Մայրաքաղաքում ամանորյա տոնական բարձր տրամադրություն ապահովելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային միջոցառումներից բացի, վարչական շրջաններում եւս նախատեսել տոնական միջոցառումներ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական տեսքի ձեւավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջիկա օրերին Հանրապետության Հրապարակում կմեկնարկեն նաեւ Մայր եղեւնու տեղադրման եւ ձեւավորման աշխատանքները: