37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանի գործը ուղարկվել է դատարան: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ռուբեն Հակոբյանին, ով ավելի հայտնի է Կարեն անունով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արման Ալեքսանյանի կողմից Արամ Հովակիմյանին պարտք մնացած գումարի չափի շուրջ, ինչպես նաեւ հեռախոսազրույցների եւ տարբեր միջավայրերում իր հասցեին արված հայհոյանքների համար սպանել է Արամ Հովակիմյանին:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Կարենի երգիչ լինելու հանգամանքը բացասական կերպով ներկայացնելու հարցերի շուրջ առաջացած անձնական անախորժ հարաբերությունները պարզելու նպատակով, 2012թ մայիսի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, ըստ նախնական պայմանավորվածության, Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 29 շենքի հետնամասում` միջբակային տարածքում, վիճաբանության մեջ է մտել Ա. Հովակիմյանի հետ, որի ընթացքում Ա. Հովակիմյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերած եւ պահած հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակով Ա. Հովակիմյանի առողջությանը պատճառել է առողջության ծանր վնաս` անզգուշությամբ առաջացնելով տուժող Ա. Հովակիմյանի մահը: Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 23-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նա սպանվածի հետ ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ. ըստ մեղադրական եզրակացության, նրան դրդել է սպանության:





























