Նոյեմբերի 24-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՍԻՍ» ընկերության շենքում մի քաղաքացի հարվածել է մի քաղաքացուհու գլխին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:40-ի սամաններում, նշված վարչական շենքի մոտ Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 55-ամյա Վլադիմիր Բախշյանը դեռեւս չպարզված հանգամանքներում, կացնով հարվածել է իր հարեւան, Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 49-ամյա Գոհար Ավալյանի գլխին:

Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Վ. Բախշյանին բերման են ենթարկել, հայտնաբերվել է նաեւ կացինը:  Գ. Ավալյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ անձին կացնահարելու փաստով: