Հայաստանն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններով. դրանք այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել մեզ համար եւ դարձել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց: Այս մասին, նոյեմբերի 27-ին, Բեյրութում, Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի եւ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, արաբական աշխարհը թեւակոխել է անցումային մի բարդ շրջան, որը հաղթահարելու համար մեծ համբերություն, տոկունություն եւ հավատ է պահանջվում:

«Ծավալված ժողովրդական հուզումների ալիքը, որ դժբախտաբար անարյուն չի ընթանում, պայմանավորված է մի շարք խորքային գործոններով, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ: Դրանք թե՛ սոցիալ-տնտեսական եւ թե՛ քաղաքական բնույթ ունեն: Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինեինք, թերեւս այդ գործընթացների հիմքում ընկած է ազգաբնակչության աճող պահանջների բարելավմանն ուղղված պետական կառույցների բարեփոխման եւ արդիականացման անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում էլ իշխանությունների անպատրաստ լինելը նման բարեփոխումներին: Արդյունքում մի շարք երկրներ հայտնվել են այնպիսի մարտահրավերների առջեւ, ինչպիսիք են կառավարման համակարգի ընտրությունը, սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանական, նախագահական ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը եւ այլն: Սակայն թիվ մեկ մարտահրավերը խաղաղության եւ կայունության հաստատումն է, բռնությունների դադարեցումը:

Մենք խիստ մտահոգված ենք Սիրիայի ժողովրդի ճակատագրով: Շարունակվող զինված ընդհարումներն ու ահաբեկչական գործողությունները պարզապես անընդունելի են: Հնարավոր չէ առանց ցավի հետեւել, թե որքան արյուն է թափվում եւ ինչպես է օր օրի ավերվում այդ երկիրը: Ստեղծված իրավիճակը, համոզված եմ, արդյունք է նաեւ այն բանի, որ որոշ տարածաշրջանային պետություններ չեն խորշում իրենց խնդիրները լուծել սիրիացի ժողովրդի արյան գնով: Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման եւ հենց իրենց` սիրիացիների կողմից ճգնաժամի խաղաղ կարգավորման դիրքերից:

Սիրիայի եղբայրական ժողովրդի հետ ծանր ժամանակներ է ապրում նաեւ բազմահազար սիրիահայությունը: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Եվ մենք կոչ ենք անում մեր սիրիահայ եղբայրներին` պայքարել իրենց գրկաբաց հյուրընկալած եւ իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիայում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձեւավորված, ամուր եւ կենսունակ համայնքներից է, որով մենք իսկապես հպարտանում ենք: Հայաստանը, նաեւ համայն հայությունը աջակցում եւ աջակցելու են Սիրիայի ժողովրդի ցանկությանը՝ գտնել խաղաղություն իրենց տանը եւ պահպանել իրենց օջախները:

Բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի իրավունքը անօտարելի է աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Այսօր շատ ժողովուրդներ պայքարում են այն արժեքների համար, որոնք վաղուց ի վեր արմատացել են Լիբանանում: Ճիշտ է դժվարին է եղել այդ ուղին նաեւ ձեզ համար, սակայն արդյունքում դուք դարձել եք տարածաշրջանում ժողովրդավարության առաջամարտիկը, իսկ ձեր պետության զարգացման հիմքում առաջին իսկ օրվանից դրվել են քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները, բազմակարծության եւ հավասարության սկզբունքները: Այդ ուղին դժվար է եղել նաեւ այն պատճառով, որ դրան պատրաստ չի եղել Լիբանանի շրջապատը, եւ դրա համար Լիբանանը շատ թանկ գին է վճարել: Սա մի իրողություն է, որին հայերս նույնպես, ցավոք, քաջածանոթ ենք:

Այսօր Լիբանանն իհարկե կրում է տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների ազդեցությունը: Մենք խորապես ցնցված ենք եւ խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Ցավակցելով զոհերի հարազատներին` մենք հույս ենք հայտնում, որ այդ ողորմելի սադրանքը չի կարողանա խաթարել խաղաղությունը Լիբանանում: Մենք համոզված ենք, որ երկրի քաղաքական վերնախավի հավաքական իմաստնությունն ու ձեռնարկված գործնական քայլերը` ուղղված ազգային երկխոսության ու փոխվստահության մթնոլորտի հաստատմանը, թույլ չեն տա, որ Լիբանանը լուրջ ցնցումների ենթարկվի: Լիովին վստահ եմ, որ Լիբանանի հայ համայնքը, որ ժամանակին ջերմ ընդունելության է արժանացել ձեր կողմից, միշտ ձեր կողքին կլինի: Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պատրաստակամ են ուժերի ներածին չափով զորավիգ լինել Լիբանանին եւ լիբանանահայությանը ձեր առջեւ կանգնած ձեր առջեւ կանգնած խնդիրների լուծման ճանապարհին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: