«Խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե պատմագիտական բնույթի է, այլ` քաղաքագիտական, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, մեր օրերի իրադարձություններին պատմաբանը լիարժեք պատասխան եւ անաչառ գնահատական տալ չի կարող»: Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով բուհական պատմության դասագրքում 2008-ի նախընտրական եւ հետընտրական շրջանի մասին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գլխին:
««Պետք է ժամանակ անցնի, համապատասխան աղբյուրների համապարփակ առկայություն լինի, որից հետո նոր հնարավոր լինի տալ սպառիչ պատասխան»,- ասել է Մելքոնյանը:
ԵՊՀ-ում, սակայն, բոլորովին այլ կարծիքի են: Երեկ հայտարարություն է տարածել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, որտեղ ասվում է. «Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաեւ շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա եւ զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։





























