Կիսակառույց շինությունների սեփականատերերի հետ քննարկումներ են ընթանում: Բացի հիմնական կիսակառույցներից, շուրջ 5 տասնյակ կառուցապատողներ չեն արձագանքել Երեւանի քաղաքապետարանի ծանուցումներին եւ նրանց երկրորդ անգամ են ծանուցագրեր ուղարկվել: Այս մասին նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով «Երիտասարդական պալատի» տարածքին, որտեղ ճապոնական նախագծով պետք է կառուցվեր 150 մ եւ 90 մ բարձրությամբ երկու շենք, Նարեկ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանը թույլատրել է 120 մ եւ 70 մ բարձրությամբ շենք կառուցել: Այժմ բանակցություններ են ընթանում նախագծում փոփոխություններ անելու եւ շինարարությունը սկսելու շուրջ, սակայն նախագծողը դեմ է այս մասնաշենքերի նոր բարձրություններին: «Որեւիցե հիմք չունեն փոփոխության ենթարկել շենքերի բարձրությունները»,- վստահեցրեց գլխավոր ճարտարապետը
Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքը քանդվելու է: Քանդման աշխատանքները կտեւեն 6-9 ամիս: Քննարկվում է այդ տարածքում խորհրդային տարիներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերականգնման հնարավորությունը:
«Դվին» հյուրանոցի մասով Նարեկ Սարգսյանը նորություններ չհայտնեց, քանի որ այն սեփականշնորհվել է կառավարության կողմից եւ այժմ կառավարությունն է վարում բանակցություններ:





























