Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը հաջորդ շաբաթ կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանայանը:

Նա նշեց, որ Սերոբ Բոզոյանը տեղափոխվել է իրենց մոտ, վիճակը բավարար է: «Բոլոր հետազոտությունները ավարտվել են, քննարկվել է բոլոր մասնագետների հետ, իրար մեջ կոնսիլիումներ են արել: Հիվանդը պատրաստվում է վիրահատության, նախավիրահատական փուլում է, որի կապակցությամբ ստանում է նախավիրահատական բուժումներ»,- ասաց նա:

Սերոբ Բոզոյանին կվիրահատեն միզապարկի քաղկեղի կապակցությամբ: Ավելի վաղ նա վիրահատվել է նույն կենտրոնում, այժմ կա հիվանդության կրկնություն։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:

Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի