Հայտնի է, որ արտաքին առեւտրի շրջանառությանբացասական սալդոն անշեղորեն աճում է: Բանն այն է, որ բացարձակ ծավալով մենք ավելի շատ ապրանք ենք ներկրում, քան՝ արտահանում: Ընդ որում վերջին տարիներին այդ հարաբերակցությունը մի փոքր աճել է: Այսպես, եթե ասենք 2002 թվականի հունվար-հոկտեմբերին ներմուծումը 1,9 անգամ գերազանցում էր արտահանումը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 2,9 անգամ է: Այդ ժամանակահատվածում արտաքին առեւտրի շրջանառության (ներառյալ հումանիտար օգնությունը) բացասական սալդոն 369,5 մլն դոլարից հասել է 2271,1 մլն դոլարի, կամ աճել է 6,1 անգամ:

Պատրաստի սննդամթերքի առումով, հարաբերական դրական արդյունք ունենք. Այսպես, եթե 2002-ի հունվար-հոկտեմբերին արտահանման մեջ պատրաստի սննդամթերքի տեսակարար կշիռը կազմել է 11 տոկոս, ապա 2012-ին այդ ցուցանիշը 16,8 տոկոս է: Հաշվի առնելով, որ մեր արտահանման մեջ գերիշխում է հումքը (մետաղական հանքեր), ապա պատրաստի սննդամթերքի տեսակարար կշռի աճը կարելի է ակնհայտ առաջընթաց համարել:

Սակայն, ցավոք, այդ ընթացքում զգալիորեն աճել է նաեւ ներկրվող պատրաստի սննդամթերքի ծավալը, ուստի նշված ժամանակահատվածում այդ ապրանքների շրջանառության բացասական սալդոն 16,9 մլն դոլարից աճել է մինչեւ 75,2 մլն դոլարի:

Պատրաստի սննդամթերքի արտադրությունում հակասական իրավիճակ է ստեղծվել: Հետաքրքրական է, որ հացի արտադրության ծավալը, որը տարիներ շարունակ հայուն մեծություն էր, այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0,6 տոկոսով: Միաժամանակ կրճատվել է նաեւ մակարոնեղենի արտադրության ծավալը՝ 1,7 տոկոսով:

Իսկ ահա կենդանական ծագման ապրանքների խմբում վիճակը լրիվ հակառակն է: Մսամթերքների (ներառյալ երշիկեղենի արտադրությունը) արտադրության ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 0,6 տոկոսով:

Հարցն, իհարկե, հայրենական արդյունաբերության արտադրական հզորությունների մեջ չէ, այլ տնային տնտեսությունների զգալի մասի ցածր վճարունակության մեջ: Շատ ընտանիքներ օգտագործում են համեմատաբար ցածր արժեք ունեցող սնունդ՝ հաց, կարտոֆիլ: Նույն պատճառով բնակչության մի մեծ հատվածը նախընտրում է տեղական էժան երշիկեղենը, քան՝ արտասահմանյանը: Ինչպես երեւում է, շարքային քաղաքացիները սկսել են ավելի շատ երշիկ գնել, քանի որ տվյալ ժամանակահատվածում այս ապրանքախմբի արտադրության ծավալն աճել է 11,8 տոկոսով, որի արդյունքում միջինը քաղաքացին ամսական օգտագործում է 380 գրամ երշիկեղեն:

Ցավոք, կտրուկ անկում է գրանցվել պահածոների արտադրության մասով (որում  ճնշող մասը բաժին է ընկնում պտուղ-բանջարեղենային պահածոներին`  90%-ից ավելի): Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմետ, այս ապրանքների արտադրութան ծավալը նվազել է 2,7 հազ. տոննայով կամ  25,6%-ով:  Սակայն հումքը, ըստ գյուղատնտեսության նախարարության, բավականին առատ է եղել:

Այն վարկածը, թե այս ապրանքների թողարկման ծավալի նվազումը կապված է արտահանման նվազման հետ, հերքվում է  պաշտոնական տվյալներով: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պահածոների, այդ թվում` հյութերի  արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել է 1,2 հազ. տոննայով կամ 25,7%-ով:

Հետեւաբար, այս ճյուղը պարզապես արձագանքել է ներհանրապետական պահանջարկին, եւ այստեղից էլ` արտադրանքի իրացման դանդաղ տեմպերին: Իհարկե, մեր պահածոների որակը վատ չէ, սակայն գները շատ սպառողների համար բավականին բարձր են:

Ալբերտ Խաչատրյան