Հայաստանի համեմատաբար ոչ մեծ տարածքը օբյեկտիվորեն բարենպաստ է նույնանուն ապրանքի գների համահարթեցման առումով: Այդպես է դա, թե ոչ` դիտարկենք որոշակի գների օրինակով, որոնք ձեւավորվել են ընթացիկ տարվա նոյեմբերին հանրապետության մի շարք քաղաքներում:
Սկսենք կարագից, որի հետ կապված իրավիճակը բավականին հանելուկային է: Այս ապրանքի մեկ կիլոգրամը մայրաքաղաքում արժե 3,7 հազ. դրամ, իսկ ահա Մարտունիում` 2,6 հազ. դրամ: Կամ Երեւանում գները ուռճացված են, կամ մարզերի քաղաքներում կարագի անվան տակ սպրեդ է վաճառվում: Սկզբունքորեն, ներմուծողների համար կարագն ավելի հարմար է ներկրել «սպրեդի» անվան տակ, որի դիմաց ավելի ցածր ԱԱՀ է վճարվում:
Թեեւ չի բացառվում նաեւ երրորդ տարբերակը, որ գների մոնիտորինգ իրականացնողները պարզապես... սխալվել են: Սակայն տարօրինակ է, որ բոլոր տասնմեկ քաղաքներում տեղի է ունենում նույն սխալը...
Նույնպիսի իրավիճակ է մի շարք այլ ապրանքների, օրինակ, բրնձի հետ կապված: Ներկրվում է տարբեր տեսակի եւ տարբեր գների բրինձ: Միանգամայն հնարավոր է, որ «հարուստ» մայրաքաղաքին ավելի լավորակ ապրանք է վաճառվում, իսկ մարզերին` ավելի ցածրորակ: Սակայն գների ոչ փոքր տարբերությունը ստիպում է մտածել, արդյոք գերշահույթի խնդիր չկա...
Այսպես, մայրաքաղաքում բրնձի միջին շուկայական գինը կազմել է 857,5 դրամ` կգ-ի դիմաց, իսկ տասնմեկ քաղաքների մասով միջին ցուցանիշը` 614,8 դրամ: Ընդ որում, ամենացածր գինն արձանագրվել է Վաղարշապատում` միջինը 583,5 դրամ:
Տեղեկանքի համար նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին բրնձի մաքսային արժեքը կիլոգրամի դիմաց կազմել է առնվազն 64 ԱՄՆ սենթ կամ մոտ 255 դրամ: Ելնելով սրանից` հարց է առաջանում, թե ինչպես է, որ մաքսատնից մայրաքաղաքային խանութներ ոչ այնքան երկար ճանպարահին գինը մոտ երեք անգամ ավելանում է: Սակայն կա համապատասխան մարմին` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն էլ պետք է ոչ թե գուշակություններ անի, այլ միջոցներ ձեռնարկի...
Ներմուծվողից դառնանք հայրենական արտադրության ապրանքներին`օրինակ, հացին: Ճիշտ է, հումքը ներկրվում է, սակայն արտադրությունը տեղական է:
Նոյեմբերին մայրաքաղաքում բարձրորակ հացի կիլոգրամի արժեքը կազմել է 499,4 դրամ: Իսկ ահա Դիլիջանում, կիլոգրամանոց բատոնը հնարավոր է գնել 122 դրամով ավելի էժան:
Մարզային քաղաքներում հացի միջին հաշվարկային գինը կազմել է կիլոգրամի դիմաց 435,6 դրամ, ինչը 63,5 դրամով ցածր է մայրաքաղաքային ցուցանիշից: Հաշվի առնենք, որ Երեւանում տեղակայված են հացի խոշոր գործարանները` մեծաքանակ արտադրանքով: Այսինքն, ակնհայտ են գործոնները, որոնք նպաստում են ցանկացած ապրանքի ինքնարժեքի նվազմանը: Սակայն պարզվում է, որ հացի արտադրության տեխնոլոգիաներով մարզային հացի փռերն առաջ են անցնում իրենց մայրաքաղաքային գործընկերներից:
Ալբերտ Խաչատրյան




























