ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) եւ Թաֆթսի համալսարանի (Tufts University) պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։

Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի: Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների եւ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների եւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար` նշելով. «Այսպիսի հանդիպումները կարեւոր են` հասկանալու համար, թե քաղաքականություն իրականացնող մարդիկ ինչպես են մտածում»:  Տիգրան Սարգսյանն ընդգծել է մարդկային շփումների կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հետաքրքիր հանդիպում անցկացնելու համար: