Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ քանի դեռ Լենինը գտնվում է դամբարանում, ոչ Եվրոպան, ոչ կրթված Ռուսաստանը չեն հավատա, որ երկիրը փոխվել է: Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է այսօր` դեկտեմբերի 13-ին, Մոսկվայում կայացած ՌԼԴԿ 25-րդ համագումարում, իր քաղաքական զեկույցում:
«Ազատել երկիրը կարմիր կապանքներից, վերադարձնել բոլոր քաղաքների, հրապարակների, փողոցների պատմական անվանումները, դուրս բերել Լենինի մարմինը դամբարանից, դատապարտել ողջ գաղափարախոսական խորհրդային ռեժիմը, դատապարտել նրա համար, որ այսօր մենք «վայելում» ենք այն ամենը, ինչ նրանք արել են»,-հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդը:
Նա վստահություն է հայտնել, որ այսօր շատ ռուսաստանցիներ գտնվում են արտասահմանում, որովհետեւ վախենում են, որ կոմունիստները կրկին կվերադառնան իշխանության:
«Որովհետեւ Լենինը պառկած է այնտեղ: Քանի դեռ Լենինն այտեղ պառկած է, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանի կրթված քաղաքացիների մեծամասնությունը չեն հավատա, որ մենք ուրիշ երկիր ենք: Բայց հանուն «ձախերի» ձայների, նրանք (իշխանությունները-խմբ) թողնում են Լենինին եւ չեն հասկանում, որ դեգրադացնում են երկիրը»,-հայտարարել է Ժիրինովսկին:





























