Չարտոնված միջոցառում անցկացնելու փորձի համար հունվարի 31-ին ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
Ինչպես հայտնում է «Գոլոս Ռոսսիին», ձերբակալվածների թվում են «Համերաշխություն» շարժման համանախագահ Բորիս Նեմցովը, արգելված Ազգային-բոլշեւիկյան կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, «Մեմորիալի» ղեկավար Օլեգ Օռլովը։ Միջոցառումը, մասնակիցների խոսքով, կազմակերպվել էր ի պաշտպանություն ՌԴ Սահմանադրության 31-րդ հոդվածի, որը երաշխավորում է հավաքների ազատությունը։
Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են արտոնել միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, որ նույն վայրում մեկ այլ միջոցառում է նախատեսված։ Ի պատասխան նրանց գործողությունների՝ ընդդիմադիրները դատարան են դիմել՝ մերժումը համարելով չհիմնավորված։
Lenta.ru-ի տվյալներով, ցույցին մասնակցելու համար 500 մարդ է հավաքվել, այդ թվում՝ 100 լրագրողներ։
Ավելի ուշ, մոտ 50 ձերբակալվածներ, այդ թվում՝ Էդուարդ Լիմոնովը եւ Բորիս Նեմցովը, ազատ են արձակվել։




























