Հայաստանում բնակվում են մոտ 60 հազար եզդիներ, որոնց կեսը՝ Արմավիրի մարզում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Եզդիների Միության ղեկավար Ազիզ Թամոյանը։

Նրա խոսքերով՝ 34 համայնքների դպրոցներում դասավանդում են եզդիերեն լեզու։ Հայաստանի կառավարությունը պետպատվերով տրամադրում է դպրոցական դասագրքեր, աջակցում է եզդիական «Եզդիխանա» թերթին, ինչպես նաեւ բացվել են եզդիների մասին գիտության բաժիններ։

Թամոյանը համոզված է, որ եզդիներին անհրաժեշտ է էլ ավելի համախմբվել հայերի հետ։ Այն հարցին, թե ինչպես է նա գնահատում եզդիների մասնակցությունը Հայաստանի հասարակական- քաղաքական կյանքին, Թամոյանը կարծիք հայտնեց, որ եզդիների հասարակությունը շատ բան պետք է սովորի կրթված եւ զարգացած հայ ժողովրդից. «Մեր ժողովուրդը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ, ինչը շատ հաճախ խանգարում է  կրթվելուն եւ կարիերայի վերելքին»։