«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ընդդիմության մնացած կողմնակիցները, դատապարտվել են միայն իրենց քաղաքական հայացքների համար: Այդ մասին ասված է Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Հելսինկյան Ասոցիացիան ողջ դատավարության ընթացքում մոնիտորինգ է անցկացրել, որի արդյունքում արձանագրվել են էական խախտումներ: Մասնավորապես, չի պահպանվել կողմերի հավասարությունը, առաջադրված մեղադրանքը հիմնավորված չի եղել ապացույցներով, հանցակազմը բացակայել է:
Ըստ իրավապաշտպանների՝ դատարանը անտեսել է ԵԽԽՎ բանաձևերի դրույթները, համաձայն որոնց՝ չի կարելի դատապարտել բռնության համար նրանց, ովքեր բռնություն չեն գործել և չեն հրահրել մյուսներին բռնության, ինչպես նաև այն դրույթները, որոնցով ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին կալանքի տակ չպահել նրանց, ովքեր, լինելով հետախուզման մեջ կամ ընդհատակում, ինքնակամ հանձնվել են իրավապահ մարմիններին:
Ն. Փաշինյանի դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրության 2,6,7,16,18,19,21,22,27,29, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 8,17,23, 65,90,105,106,107,124,126,127, 340 և Մարդու Իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական Կոնվենցիայի 6,10,11 հոդվածները:
Իրավապաշտպանները նաեւ պահանջում են անհապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ՝ կատարողներին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:




























