Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարության կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում դրական ազդանշաններ է տեսնում եւ ողջունում է դրանք:
«Մենք դրական ազդանշաններ ենք տեսնում, շատ զուսպ, սակայն, ամեն դեպքում, դրական», - ասել է Ռուսաստանի նախագահը այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Սակայն ուզում եմ ուշադրություն հրավիրել քաջ հայտնի խնդրի վրա: Գործող նախագահ պարոն Սահակաշվիլին իրավիճակը փակուղու է հասցրել եւ ես, անկեղծ ասած, այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դրանից դուրս գալ», - խոստովանել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ առանցքային որոշ հարցերում Ռուսաստանի եւ Վրաստանի դիրքորոշումները տարբերվում են: «Ռուսաստանը չի կարող փոխել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին որոշումը: Իսկ Վրաստանն էլ չի ցանկանում ճանաչել նրանց անկախությունը: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է այստեղ անել», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն իսկապես ցանկանում է կարգավորել Վրաստանի հետ հարաբերությունները, չնայած որ «տնտեսական տեսակետից պետք է նշել, որ Վրաստանը դրանում ավելի շատ է շահագրգռված, քան՝ մենք»:




























