Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը լուրջ խնդիրներ ունի բախտի հետ: Հերիք չէ՝ ԵԽԽՎ-ում այս էլ որերորդ անգամ իր հերթը չի հասնում Թուրքիայի մասին իր զեկույցը ներկայացնելու համար, դեռ հայաստանյան ընդդիմությունն էլ իրեն ու իր հարազատ կուսակցությանը մեղադրում է կեղծ ընդդիմություն լինելու մեջ:
Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Ռուստամյանը եկել էր բողոքելու իրեն բաժին հասած ծանր ճակատագրից: Ռուստամյանը Թուրքիայի մասին մի զեկույց է պատրաստել, որում անդրադարձել է տխրահռչակ 301-րդ հոդվածին, Հրանտ Դինքի սպանությանը, Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին եւ այլն, եւ այլն:
Փոխարենը Ռուստամյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կարողացել է ելույթ ունենալ ընտրական համակարգի մասին՝ անդրադառնալով Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կատարված խախտումներին եւ բռնությունների դեպքերին:
Ինչեւէ, հուսանք, որ հաջորդ անգամ Ռուստամյանի բախտը վերջապես կբերի եւ նա ելույթ կունենա՝ ԵԽԽՎ-ի ուշադրությունը բեւեռելով Թուրքիայի հոռի բարքերի վրա:




























