Թվում էր, թե Հայ ազգային կոնգրեսը վաղուց դադարել է զարմացնել երկակի ստանդարտներով առաջնորդվելու իր գործելաոճով: Բայց ժողովրդավարական արժեքների, մարդու հիմնարար ազատությունների ջատագով այս քաղաքական միավորն այլեւս որեւէ բարդույթ չունի: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Մարդու իրավունքների դեմ ամենափոքր ոտնձգության դեպքում դատապարտող հայտարարություններով հանդես եկող, մարդու իրավունքների պաշտպանությանը մազաչափ անգամ նպաստող ցանկացած քայլ ողջունող ՀԱԿ-ն արդեն մի քանի օր քար լռություն է պահպանում հայտնի «Մատաղիսի» գործով ապօրինաբար ազատազրկված երեք երիտասարդների ազատ արձակման կապակցությամբ:
«Մատաղիսի» գործը տարիներ շարունակ համարվում էր եւ է Հայաստանի արդարադատության համակարգի խայտառակությունը, որի արդյունքում երեք երիտասարդների ու նրանց հարազատների ճակատագրեր են խեղվել: Այս շաբաթ այդ երիտասարդների նկատմամբ քրեական գործը կարճվեց: Որոշ գնահատականներով՝ դա տեղի ունեցավ իշխանության նախընտրական քարոզչության շրջանակներում, ոմանց կարծիքով` դրա հիմքում այլ նպատակներ են ընկած:
Բայց անկախ շարժառիթներից` սա արդարության վերականգնման եզակի դեպք էր, որն, անշուշտ, պետք է ունենա հետեւանքներ: Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ում հանցավոր գործունեության կամ անգործության պատճառով կայացվել էր այդ հրեշավոր դատավճիռը: Այդ մարդկանց առնվազն մի մասի անունը հայտնի է, եւ դրանց թվում «ամենակարկառունը» նախկին զինդատախազ, ներկայումս՝ սարսափելի ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն է: Նրա պատճառով կամ հանուն նրա՝ ՀԱԿ-ը որեւէ կերպ չարձագանքեց արդարության վերականգնման այս եզակի դեպքին, ինչպես սովորաբար իր հայտարարություններում է արձանագրում, չնշեց, որ թեկուզ նախընտրական նպատակներով՝ «հանցավոր իշխանությունն իր վրայից հանեց «նախկին խարանը»:
Ոչ միայն չարձագանքեց, այլ իր ակտիվիստներին հանձնարարել է սոցիալական ցանցերում ու մամուլի որոշ միջոցներում հանդես գալ Ջհանգիրյանի պաշտպանությամբ: Իրավիճակի անհեթեթությունն այն է, որ ՀԱԿ-ն այդպիսով հայտնվել է Զինվորական դատախազության հետ բարիկադների նույն կողմում: Ազատ արձակված տղաների մեղավորության մասին շարունակում են պնդել Զինդատախազությունը, Գագիկ Ջհանգիրյանն ու ՀԱԿ-ը: Պատճառը, թերեւս, այն է, որ, ինչպես Լեւոն Զուրաբյանն էր ասել, Ջհանգիրյանն իրենց «գծի մեջ է»:
Չպաշտպանելով Ջհանգիրյանին` ՀԱԿ-ը կարող էր ստիպված լինել նրան «գծից հանել»: Իսկ դա ՀԱԿ-ի համար կարող էր բավական թանկ արժենալ: «Գծի մեջ» մնալու համար անհրաժեշտ է վճարել «գծի փողը»:
Այդ առումով Ջհանգիրյանը ՀԱԿ-ի համար, թերեւս, եզակի հնարավորություն է` հաշվի առնելով թե՛ նախկին զինդատախազի անձնական կարողությունը, թե՛ նրա խնամիական կապերը Սուքիասյանների ընտանիքի հետ»,- գրում է «168 ժամը»:




























