«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի տոներից հետո: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ մրցույցը բաց է լինելու, կարող են մասնակցել չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք: Իսկ չափանիշներն են լինելու համապատասխան կրթությունը, աշխատանքային փորձն ու ղեկավարման ունակությունը:

Արամ Հարությունյանն ասաց, որ  ներկայումս տնօրենի պաշտոնակատար նշանակված Հրաչյա Հովակիմյանը բանիմաց եւ կազմակերպված մասնագետ է, բայց դա չի խանգարում, որ մրցույթի ընթացքում ընտրվի լավագույնը: Նրա փոխանցմամբ` հատկապես ձմռան ամիսներին չէին կարող հապաղել եւ արգելոցն առանց տնօրենի թողնել, այդ իսկ պատճառով էլ նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ թե ինչու մրցույթ չի անցկացվել, ապա նախարարի փոխանցմամբ` այն կարող էր խախտվել տոների պատճառով:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»: