Դոլարը շարունակում է արժեզրկվել Հայաստանի ֆինանսական շուկայում:  «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 402.48 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.15 %-ով կամ 0.60 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 9.55 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ էական փոփոխություններ չկան: Ընդամենը շատացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարի վաճառքի փոխարժեք են սահմանել 404 դրամը: Փոխանակման կետերը, ինչպես եւ երեկ, առքն իրականացնում են 401 կամ 402 դրամով: Հավանաբար` բանկերը ենթադրում են, որ դոլարը սպառել է արժեզրկման նախաամանորյա պոտենցիալը:

Forex միջազգային շուկայում եվրոն, ինչպես եւ երեկ, սակարկվում է 1.31-1.32 դոլարի սահմաններում: Ի տարբերություն հայկական ֆինանսական շուկայի, ամանորի նախօրեին միջազգային արժութային հարթակներում նկատվում է արտարժութային գործարքների նվազում: Շուկայի խաղորդների ուշադրությունը ներկայում սեւեռված է ԱՄՆ բյուջետային խնդիրների վրա` այնտեղ հունվարի 1-ից սպասվում է հարկերի ավտոմատ բարձրացում եւ ծախսերի ավտոմատ կրճատում մոտ 600 մլրդ դոլարի չափով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.6150 ռուբլին: Ռուբլին փոքր ինչ թուլացել է դոլարի նկատմամբ: