Բժշկի մասնագիտությունը 2013 թվականին լավագույնը կլինի ԱՄՆ-ում կանանց համար: Այս մասին նշվում է լավագույն մասնագիտությունների վարկանիշում, որը փորձագետ Լոուրենս Շատկինը կազմել է Forbes-ի համար:

Նա մասնագիտությունները գնահատել է ըստ եկամտի, մասնագետների պահանջարկի մակարդակի, աշխատավարձի պոտենցիալ աճի, ինչպես նաեւ այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչների թվի, որոնք գոհ են իրենց աշխատանքից:

Կին բժիշկների շուրջ 60 տոկոսը գոհ է իր աշխատանքից: Այդ մասնագիտության տեր կանանց աշխատավարձի միջին մակարդակը կազմել է տարեկան 121 հազար դոլար:

Երկրորդ տեղում կրկին առողջապահության ոլորտի աշխատողներն են (բուժքույրեր, դեղագործներ, դիետոլոգներ): Նրանց շարքում իր աշխատանքից գոհ է 52 տոկոսը, իսկ միջին եկամուտը կազմում է տարեկան 70 հազար դոլար:

Վարկանիշի երրորդ տեղում հայտնվել են գիտնական բժիշկները, որոնց եկամուտը կազմում է տարեկան 76 հազար դոլար, նրանց 56 տոկոսը գոհ է իր աշխատանքից:

Առաջին 5-յակում են նաեւ իրավաբաններն ու դատավորները: հատկանշական է, որ իրավաբանները հայտնվել են 4-րդ հորիզոնականում, թեեւ նրանց եկամուտը կազմում է տարեկան 112 հազար դոլար: Դա պայմանավորված է նրանով, որ այդ մասնագետների աշխատավարձի բարձրացման պոտենցիալը փոքր է՝ 10 տոկոս, այն դեպքում, երբ առաջին 3 տեղերը զբաղեցնող մասնագիտությունների դեպքում այդ ցուցանիշը 26-36 տոկոս է:

Վարկանիշում են հայտնվել նաեւ այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ճարտարագիտությունը, նավթային արդյունաբերությունը, հոգեբանությունը, ձեռնարկության կառավարչի, խորհրդականի մասնագիտությունները, հաղորդում է Lenta.ru-ն: