Դեկտեմբերի 28-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վետոն, որը նա կիրառել էր «Համաներման մասին» օրենքի նկատմամբ: Պատգամավորները քվեարկության արդյունքները ծափողջույններով են ընդունել: Ըստ օրենսդրության` նախագահական վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների երեք հինգերորդի ձայնը: Վետոյի հաղթահարմանը կողմ էր քվեարկել 91 պատգամավոր, դեմ` 24:

«Նովոստի Գռուզիան» նշում է  որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը հանում է նախագահի վետոն: 

Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վետո էր դրել «Համաներման մասին» օրենքի այն հատվածի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին եւ անչափահասների նկատմամբ հանցանք գործած անձանց։

«Քաղբանտարկյալների այդ ցուցակն ի հեճուկս ինձ են ընդունել: Սակայն ես թույլ չեմ տա, որպեսզի երկիրը խայտառակվի, այդ պատճառով էլ վետո եմ դնում օրենքի այն հատվածի վրա, որը վերաբերում է քաղբանտարկյալներին», - հայտարարել էր Սահակաշվիլին եւ հավելել, որ ոչ մի միջազգային կազմակերպություն Վրաստանքում քաղբանտարկյալներ չի արձայագրել, այնինչ խորհրդարանը հայտարարում է 20 քաղբանտարկյալների մասին։ 

Խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին բացատրել է, որ «Համաներման մասին» օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ  հաղթահարման որոշումը նորից պետք է ուղարկվի նախագահին: Պետության ղեկավարն օրենքը պետք է ստորագրի յոթ օրվա ընթացքում:  «Եթե նա նորից որոշի չստորագրել օրենքը, ապա դա կանի խորհրդարանի խոսնակը: Հենց այդ պահից էլ օրենքը հրապարակման պատրաստ կլինի: Դրանից հետո այն իրավական ուժ կստանա», - հավելել է Ուսուպաշվիլին: 

«Համաներման մասին» օրենքի ընդունման դեպքում բանտերը կլքի երեք հազարից ավելի մարդ: