Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն արդեն 15 անձի տեղեկանք է տվել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Նման տեղեկանք է տրվել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին (վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու), «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին, ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանին, բժշկուհի Զարուհի Հարությունյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, էպոսագետ Վարդան Սեդրակյանին, «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանին, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանին, Պավլիկ Վասպուրի Սարգսյանին, Ռոբերտ Յաշայի Սիմոնյանին, Ռոբերտ Ահարոնյանին:
Նա նշեց, որ 3 հոգու մերժել են տրամադրել տեղեկանք: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն դիմած երեք անձանց` Գարեգին Ղազարյանին, Հովիկ Աղազարյանին եւ Մարտիկ Սարգսյանին մերժել են տրամադրել տեղեկանք` ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես չբնակվելու հիմքով:
Ի դեպ, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը աշխատելու է առանց հանգստյան օրերի, հերթապահությամբ աշխատելու են տոն օրերին եւ մինչեւ հունվարի 4-ը հնարավոր է լինեն դիմողներ` տեղեկանք ստանալու համար:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի 8 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը եւ Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը:





























