Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 29-ին, փաստաթղթեր է ներկայացրել նախագահի առաջին կին թեկնածու` Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի 8 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը եւ Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը:





























