Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է նրա մամուլի քարտուղարը, ինչպես նաեւ Կիպրոսի հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը:
«Օրվ երկրորդ կեսին նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը իրեն վատ է զգացել եւ կապվել բժիշկների հետ, որոնք խորհուրդ են տվել նրան հետազոտություն անցնել Նիկոսիայի գլխավոր հիվանդանոցում»,- ասված է նրա մամուլի քարտուղարի տարածած տեղեկատվության մեջ, ով նաեւ հավելել է, որ «անհանգստանալու պատճառներ չկան»:
Կիպրոսի հեռուստառադիոհեռարձակման ընկերության տվյալներով, Խրիստոֆիասի առողջական խնդիրները պայմանավորված են գերհոգնածությամբ: Բժիշկ-սրտաբան Էվագորաս Նիկոլաիդիսը հայտնել է, որ նախագահը մանրամասն հետազոտություն է անցել, որը դրական արդյունքներ է տվել, սակայն հիմա նա դեռ պետք է որոշ ժամանակ մնա հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:




























