Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հարավային Կովկասի տնտեսության խթանման ծրագրի հետ համատեղ հունվարի 18-27-ը հինգերորդ անգամ Բեռլինի «Մեսսե Բեռլին» ցուցահանդեսային համալիրում կայանալիք «Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառում ներկայացնում է հայկական ընկերությունների:

Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից  Սկսած 2009թ-ից միասնական հայկական տաղավարի ներկայացումը եւ կազմակերպումը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Հայկական տաղավարում ներկայացված են լինելու տեղական 7 ընկերություններ՝ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ, «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ:

Նշված ցուցահանդեսին մասնակցության նպատակն է եվրոպական շուկայում ներկայացնել հայկական ապրանքները, նպաստել դրանց առաջմղմանը եւ արտահանման ծավալների մեծացմանը:

Ցուցահանդեսը կարեւորվում է Սննդի եւ Գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին մասնակից երկրների գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ:

Ըստ 2012թ.-ի տվյալների «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսն ունեցել է 420. հազար այցելու: