ԵԽԽՎ-ի նորընտիր ազգությամբ թուրք նախագահին իր ծննդավայրում՝ Անթալիայում ծաղիկներով են դիմավորել։ Թուրքական Haberalanya-ի փոխանցմամբ՝ Անթալիայի օդանավակայանում Մեւլութ Չավուշօղլուին դիմավորել են Անթալիայի նահանգապետը, Անթալիայի քաղաքապետը եւ մի շարք տեղի պաշտոնյաներ։

Չավուշօղլուն անդրադարձել է փետրվարի 2-ի Թուրքիայի խորհրդարանում հայտնի ծեծկռտուքին եւ վարչապետի կնոջ հասցեին հեգնական ելույթին ու ափսոսանք հայտնել, որ հարազատ երկրի խորհրդարանում նման տհաճ միջադեպեր են լինում։ Չավուշօղլուն նշել է, որ արդեն 7 տարի է՝ աշխատում է ԵԽԽՎ-ում եւ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել այդ ընթացքում։

Ի դեպ, Մեւլութ Չավուշօղլուն բողոքել էր Թուրքիայի ընդդիմադիրներից՝ ասելով, որ նույնիսկ հայերը իրեն շնորհավորեցին, իսկ Թուրքիայի ընդդիմությունից ոչ մի շնորհավորանք։

Նշենք, որ Չավուշօղլուն ծնվել է Թուրքիայի Անթալիայի նահանգում՝ 1968 թվականին։ Վերջինս ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից է։