Ճապոնական Sony ընկերությունը վաճառում է Նյու Յորքի Մեդիսոն ավենյուում գտնվող իրեն պատկանող շինությունը: Գրասենյակը վաճառքի է հանվել1,1 մլրդ. դոլարով:
Շինության վաճառքի պատճառ է նշվել «կապիտալի շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ներառյալ ներդրումների նկատմամբ ավելի ընտրողական մոտեցումը, ակտիվների վաճառքը եւ պատրաստի արտադրանքի կառավարումը»: Ստացված գումարից բոլոր ծախսերը վճարելուց հետո, ընկերությանը կմնա 685 մլն դոլար, գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Երբեմնի ծաղկուն Sony ընկերության գործերը վերջին հինգ տարվա ընթացքում այնքան էլ լավ չեն գնում: Դա կապված է հեռուստացույցների, ինչպես նաեւ պորտատիվ խաղերի վահանակների եւ լուսանկարչական ապարատների պահանջարկի անկման հետ` սմարթֆոնների կտրուկ առաջընթացի պատճառով: 2012-13 ֆինանսական տարվա առաջին երկու եռամսյակներում Sony ընկերության մաքուր կորուստը կազմել է 455 մլն. դոլար:




























