ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են հրաժարվել օդանավակայանների «մերկացնող» սքաներներից։ Սարքերը կապամոնտաժեն ամռանը։
ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունից տեղեկացրել են, որ սքաներները հանելու պատճառն այն է, որ արտադրողը չի կարողանում շտկել ծրագրային ապահովման խնդիրը։ Նախկինում նման պահանջ էր ներկայացրել Կոնգրեսը՝ սքաներների ներկա վիճակով օգտագործումը անձնական կյանքի իրավունքի խախտում համարելով, գրում է ՆՏՎ-ն։
Սարքն աշխատում է հետեւյալ կերպ. Ուղեւորը ապակեպատ խցիկ է մտնում, իսկ նրա սեւ-սպիտակ մերկ պատկերը հայտնվում է էկրանին։ Բոլոր օտար առարկաները հստակ տեսանելի են լինում։ Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել պլաստիկ պայթուցիկը կամ կերամիկական ծածկույթով նռնակները, որոնք մետաղորսիչը չի գտնում։
Անձնական կյանքին միջամտությունների սահմանափակման համար օդանավակայանի աշխատակիցները մգեցնում են սքանավորում անցնողի դեմքը եւ դիտումից հետո հեռացնում նկարը։ Սքաների դեմ բողոքողները հայտարարում են, որ պետությունն իրավունք չունի բոլորին պարտադրաբար զննման ենթարկել, որը լիակատար մերկացում է ենթադրում։




























