Թուրքիայի մայրաքաղաքում արդեն 50 օր պետական մենաշնորհային ձեռնարկությունների (TEKEL) գործադուլ անող աշխատակիցներին իրենց յուրահատուկ աջակցությունն են հայտնել 20 թուրք լեռնագնացները:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` լեռնագնացները բարձրացել են Արարատ լեռան գագաթ եւ ի նշան աջակցության պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել. «Եթե գործադուլավորները չեն մրսում` մենք էլ չենք մրսում»:

Նշենք, որ փետրվարի 4-ին Թուրքիայի մի քանի արհմիությունների կողմից տեղի է ունեցել համընդհանուր գործադուլ` ի պաշտպանություն արդեն 50 օր Անկարայի փողոցներում բաց երկնքի տակ մնացող գործադուլավոր TEKEL ընկերության աշխատակիցների:

NEWS.am-ը հիշեցնում է, որ պետությունը ցանկանում է կրճատել TEKEL-ի 13 հազար աշխատակիցների իրավունքները եւ աշխատավարձերը եւ նրանց ընդգրկել 4/C համակարգում: Թուրքիայի ղեկավարությունը ոչ մի կերպ չի գնում զիջման եւ պնդում է, որ գործադուլավորներն օրենք են խախտում:

4/C համակարգը նշանակում է, որ աշխատողները նախկինում ստացած 1300 լիրայի (350 հազար դրամ) փոխարեն կստանան 950 լիրա (280 հազար դրամ) աշխատավարձ: Նրանք զրկվում են արհմիությունների անդամ լինելուց, աշխատանքի ժամկետը սահմանվում է 10 ամիս եւ այդ շրջանը չի համարվում աշխատանքային ստաժ: