Բոլոր այն «խաչակիրները», որոնք Մալիում մասնակցել են տուարեգների դեմ գործողություններին, հանդիսանում են իսլամիստների հստակ նպատակը: Այս մասին հունվարի 21-ին հրապարակված տեսահաղորդագրության մեջ հայտարարել է «Արյունով կնքված» խմբավորման ղեկավար Մուխթար Բելմոխթարը` «Միսթեր Մալբորո» մականունով:
Նրա խոսքով` այդ գործողություններին մասնակցած երկրի բնակիչների վրա հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ օտարերկրյա միջամտությունները կդադարեն:
Ըստ մերձավորարեւելյան The Gardian բլոգի` Բելմոխթարը միաժամանակ առաջարկել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Նրա խոսքով` իսլամիստներն Ալժիրում պատանդներ պահելով` «բացել են բանակցությունների դուռը» այդ երկրի կառավարության եւ Արեւմուտքի երկրների հետ: «Մենք գործողությունների ամենասկզբում երաշխավորել էինք պատանդների անվտանգությունը, սակայն ալժիրյան իշխանությունները խոստացել են վերացնել գազաարդյունահանող համալիրը եւ այնտեղ բոլոր գտնվողներին»,- պատմել է իսլամիստների առաջնորդը, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:





























