Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը Եվրախմբի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերին: Ղեկավարի փոփոխությունը հաստատել է Լյուքսեմբուրգի կառավարության մամուլի քարտուղար Գայ Շուլլերը:
Bloomberg տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ Յունկերը եվրագոտու ստեղծման ակունքներում է եղել. նա որպես Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար 1991թ. մասնակցել է Մաաստրիխտի պայմանագրի կնքման բանակցություններին (սկիզբ է դրել ԵՄ-ի ստեղծմանը): Յունկերը վարչապետ է դարձել 1995թ. եւ Եվրախումբը ղեկավարել 2005թ.-ից: Դեյսելբումը Հոլանդիայի ֆինանսների նախարար է դարձել 2012թ. նոյեմբերին:
Նոր ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ Եվրախմբի առաքելությունն է «եվրոյի, եվրագոտու եւ տնտեսության հեռանկարների նկատմամբ հետագա վստահության վերականգնումը», հաղորդում է BFM.RU-ն:
Եվրախմբի նախագահությունը 1999թ. սկսած հաջորդաբար փոխանցվել է, երբ ներմուծվել էր եվրոն: Յունկերն այդ խորհրդակցական մարմնի առաջին մշտական ղեկավարն է եղել:




























